ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿՍՈՒՄ Է ՉԱՐԱՇԱՀԵԼ «ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԵՐ ՏԱՐԱՆՑՈՂԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿՍՈՒՄ Է ՉԱՐԱՇԱՀԵԼ «ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԵՐ ՏԱՐԱՆՑՈՂԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
08.06.2010 | 00:00

Երբ գիտնականներն անցած դարի սկզբին մշակում էին նոր գիտության` աշխարհաքաղաքականության հիմունքները, ապա նրանք այդ գիտության առաջնայնությունները միշտ ավելի բարձր էին դասում, քան սոցիալական և անգամ տնտեսական հարցերը։ Սակայն այսօր` մեկ դար անց, ոչ միայն լայն կիրառության մեջ է մտել «աշխարհատնտեսություն» տերմինը, այլև ավելին, համընդգրկուն տնտեսական շահերը դարձել են և՛ գերիշխող, և՛ այս կամ այն աշխարհաքաղաքական մոտեցումն ու փոփոխությունը թելադրող։ Դա առանձնապես ակնհայտ է արտացոլվում ծավալված «էներգետիկ պատերազմներում» և էներգակիրների երթուղիների համար մղվող պայքարում։ Այսպես, Կասպից ծովի շուրջ «էներգետիկ սպեկուլյացիաներն» այնպիսի գլխապտույտ արագությամբ են փոխում աշխարհաքաղաքական վեկտորները, որ շատերն արդեն լուրջ չեն վերաբերվում դրանց։ Սակայն երբ Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի բոլոր իրադարձությունները` Ղարաբաղում «խաղաղ լուծման» պարտադրումից մինչև Իսրայելի ափերի մոտ «խաղաղ նավակների» հայտնվելը, քննության ես առնում չարագուշակ խողովակամուղների և դրանց հետևում կանգնած միլիարդավոր դոլարների պրիզմայի միջով, ապա բավականին հստակ ու անուրախ մի պատկեր է ներկայանում։ Եվ, ինչպես թվում է, «չարագույժ նկարիչներն» այն դեռևս չեն պատել ամեն տեսակի, այդ թվում նաև` արյունոտ ներկերով։
Եվ այսպես։ Ինչպես հայտնի է, այն բանից հետո, երբ երկու տարի առաջ Մոսկվան ու Կիևը ընդհարվեցին գազի պատճառով, սառած ու ահաբեկված Եվրոպան սկսեց Թուրքիան համարել եվրոպական սպառողին գազի մատակարարման երաշխավորված երթուղի։ Եվ նույնիսկ հիմա, երբ ռուս-ուկրաինական կրքերը, կարծես, մարել են, այդ հարցում իներցիոն տրամաբանությունը դեռևս գերիշխող է։ Իր հերթին Անկարան, իրեն երևակայելով «Եվրոպայի փրկիչ», հիանալի է օգտվում և՛ «Նաբուկոյի», և՛ «Հարավային հոսքի» հետ կապված իրավիճակից։ Ավելին, ոչ առանց մի շարք երկրների օգնության, բորբոքելով այդ իրավիճակը, Թուրքիան արդեն սկսում է չարաշահել «մենաշնորհատեր տարանցողի» առայժմ վերացական կարգավիճակը և իր համար շահավետորեն ձգտում է լուծել աշխարհաքաղաքական կարգի հարցերը։
Խիստ ակնհայտ օրինակ կարող է դառնալ, անկասկած, երկու կարևոր միջազգային իրադարձությունների ոչ պատահական զուգադիպությունը. Ստամբուլում տեղի է ունենալու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումներին նվիրված երրորդ խորհրդաժողովը, իսկ Անկարայում` էներգետիկ խորհրդաժողովը։ Ինչպես հայտնի է, Թուրքիայում են հավաքվելու բոլոր շահագրգիռ «էներգետիկ արքաները»` Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Նուրսուլթան Նազարբաևը։ Հարևանների մոտ է շտապել նաև Մահմուդ Ահմադինեժադը։ Հայտնի է, որ նախատեսվում է բազմակողմ հանդիպումներ անցկացնել նրանց ու Էրդողանի միջև, քննարկվելու են բազմապիսի տարածաշրջանային հարցեր։ ՈՒշադրություն դարձնենք մի բավականին հետաքրքիր հանգամանքի վրա։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Թուրքիային ադրբեջանական գազի մատակարարումների շուրջ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին մայիսին։ Սակայն Ալիևը համարեց, որ «այդ պահին դեռևս չլուծված հարցեր կային», և պայմանագրի ստորագրման հանդիսավոր պահը տեղափոխեց «ավագ եղբոր» տուն։ Համաձայն աղբյուրի, կորոշվեն Թուրքիայի համար ադրբեջանական գազի գինը և տարանցման արժեքը, ինչպես նաև գազի այն քանակը, որ Թուրքիան պիտի ստանա Շահ Դենիզի հանքավայրի երկրորդ փուլից, որը պետք է շարք մտնի 2014 և 2017 թվականների արանքում։ Հաղորդվում է, որ Թուրքիայի վարչապետն ուզում է այդ ստորագրումը դարձնել կենտրոնական իրադարձություն, որը հող պիտի նախապատրաստի «Նաբուկո» խողովակաշարի կառուցման համար։
Ավելին, «էներգետիկ մեծ երևույթի» բառացիորեն նախօրեին Թուրքիան վավերացրեց այդ բազմաչարչար գազամուղի շինարարության համաձայնագիրը։ Ընդ որում, հայտնի դարձավ, որ Թուրքմենստանը, այն բանից հետո, երբ հերթական անգամ չկարողացավ համաձայնության գալ Դմիտրի Մեդվեդևի հետ, սկսում է «Արևելք-Արևմուտք» գազամուղի շինարարությունը, որը երկիրը կկապի եվրոպական սպառողների հետ։ Երկու միլիարդ դոլար արժողությամբ այդ նախագիծը մտադիր են ֆինանսավորել ԱՄՆ-ը կամ Չինաստանը, իսկ նման երաշխիքի դեպքում շատ հավանական է, որ «Նաբուկո» նախագիծը, որը երկար ժամանակ շատ աղոտ հեռանկար էր համարվում, կդիտվի որպես հնարավոր առաջատար «գազամուղային մրցավազքում»։ Հիշեցնենք, որ այն նախատեսված է Կասպյան ավազանից դեպի Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանը, բնական գազի փոխադրման համար, և իրացման դեպքում արմատապես կփոխի ոչ միայն ուժերի և ազդեցության հարաբերակցությունը եվրոպական էներգետիկ շուկայում, այլև միանգամայն զգալիորեն կանդրադառնա ռուսական «Հարավային հոսք» նախագծի հեռանկարների վրա։
Եվ այստեղ օրինաչափ հարց է ծագում. «Իսկ թուրքական այդ տոնահանդեսում ի՞նչ է անելու Վլադիմիր Պուտինը», «Ի՞նչ հեռանկարներ ունեն Պուտինի երկարամյա և ծանր էներգետիկ ջանքերը»։ Չէ՞ որ վաղուց ու քաջ հայտնի է, որ «Հարավային հոսքը» ոչ միայն ռուս վարչապետի սիրասուն հոգեզավակն է, այլև սկզբունքի հարց այդ հավակնոտ քաղաքական գործչի համար։ Սակայն հայտնի է նաև, որ Եվրոպան երկու, փաստորեն, զուգահեռ գազամուղի կարիք չունի, բացի այդ, առանց ադրբեջանական և թուրքմենական գազի, կմեծանա անհստակությունը «Հարավային հոսքի» համալրման պաշարների առնչությամբ։ Եվ այստեղ առաջին հայացքից միանգամայն անհասկանալի է, թե «բազմախոստում եվրոպական ուղղության» մասին լավատեսական կանխատեսումներն ինչպես են հարաբերակցվելու Ռուսաստանի փոխվարչապետ Սեչինի ոչ պակաս լավատեսական զեկույցների հետ։ Իսկ նա հավաստիացնում է, որ Թուրքիան հավանություն է տվել Սև ծովի իր տնտեսական գոտիով «Հարավային հոսքի» անցկացմանը, որ ամեն ինչ արդեն որոշված է, խողովակաշարը կկառուցվի, իսկ պայմանագիրը կստորագրվի նոյեմբերին։ Եվ էլի շատ հետաքրքրական մի հանգամանք։ Նախնական պլանի համաձայն, գազամուղը չպետք է անցներ Թուրքիայի տարածքով, ավելին, Թուրքիայի տարածքով «Հարավային հոսքի» անցկացումը և՛ երկարացնում, և՛ թանկացնում է նախագիծը։ Երբ Կիևն ու Մոսկվան ընդհարվել էին, երթուղու այդ փոփոխությունն ու նախագծից ՈՒկրաինայի և բալկանյան երկրների հանումը հասկանալի էր։ ՈՒրեմն հիմա ո՞վ է խանգարում ռուսներին, և ինչո՞ւ է Թուրքիան Ռուսաստանին թույլ տվել երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել նախագծի իրացման շրջանակներում։
Ի դեպ, Մոսկվայի ու Անկարայի նոր «անզուսպ սիրո» համատեքստում շատ հարցեր վերանում են։ Ինչպես թվում է, ռուսները պատրաստ են հիմնավորապես մոռանալու թե՛ «եղբայր ուկրաինացիներին», թե՛ «բալկանյան հին բարեկամներին»։ (Էլ ինչ խոսք այդ դեպքում կարող է լինել հայկական «ֆորպոստի» մասին)։ Սակայն այստեղ էլ աշխարհատնտեսությունն ամեն ինչից վեր է։ Հիշեցնենք, որ դեռ Էրդողանի Կրեմլ կատարած ձմեռային այցի ժամանակ նա Ռուսաստանին առաջարկել էր «մասնակցել «Նաբուկո» նախագծին»։ Թե ինչ ձևով կարող է իրացվել այդ մասնակցությունը, չէր հաղորդվում, սակայն որոշ փորձագետներ համարում են, որ այն կարող է Մոսկվայի համար շահավետ լինել որպես արտահանության ևս մեկ երթուղի։ Մյուս կողմից, Թուրքիան այդ դեպքում համոզիչ հաղթանակ է տանում համապարփակ էներգետիկ հանգույցի կարգավիճակի համար պայքարում, որն իր տարածքում կմիացնի մրցակցող երկու տարանցիկ նախագծերը` «Նաբուկոն» ու «Հարավային հոսքը»։
Եվ այստեղ ուշադրության առնենք խիստ առանձնահատուկ մի շարք հանգամանքներ ևս։ Էրդողանը վերջերս հրապարակավ հավաստեց, որ իրաքյան գազը փոխադրվելու է «Նաբուկոյի» խողովակաշարով, իսկ «Գազարդի» ներկայացուցիչները մեծ եռանդով սկսել են գովազդել իրենց մասնակցությունն Իրաքյան Քրդստանում գազի արդյունահանմանը։ Ավելին, ինչպես հայտնի է, «Գազարդը» հույս ունի մասնակցելու «համաարաբական գազամուղով» Սիրիայից դեպի Լիբանան գազի մատակարարումներին։ Այդ գազամուղի մի մասն արդեն կառուցել են ռուսները, իսկ հետագա նախագծերը, այդ թվում` երկրաբանատեխնոլոգիական հետազոտությունները, քննարկվել են նախագահ Մեդվեդևի Դամասկոս կատարած այցի ընթացքում։ Համաարաբական գազամուղի շինարարությունն ավարտելուց հետո ծրագրվում է եգիպտական «երկնագույն վառելիքը» Հորդանանի, Սիրիայի ու Թուրքիայի տարածքներով հասցնել Արևմտյան Եվրոպա և, որպես տարբերակ, քննարկվում է գազը «Նաբուկո» խողովակաշարին խառնելու հնարավորությունը։ Այսինքն, ռուս-թուրքական համագործակցության շահավետությունն ակնհայտ է` թե՛ փողերն են հսկայական, թե՛ տարածաշրջանում ազդեցությունն է անչափ մեծանում։ Եվ արաբա-թուրքա-ռուսական դաշինքի այդ սխեմային շատ արդյունավետորեն ներդաշնակում են Միջերկրական ծովում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Ցանկալի չէր լինի քննարկել այն վարկածը, համաձայն որի, Գազայում «մարդասիրական ակտի» հետևում էներգետիկ շահեր են կանգնած (ախր, այս ամենը շատ ցինիկ տեսք ունի)։ Սակայն այն, թե Թուրքիան ինչ արագությամբ, հուրախություն արաբների, հայտարարեց Իսրայելի հետ համատեղ նախատեսվող էներգետիկ նախագծերի, այդ թվում` «Սպիտակ հոսք-2» նախագծի` Ջեյհան-Աշկելոն գազամուղի սառեցման մասին, տհաճ կասկածներ է հարուցում։
Այդուամենայնիվ, ինչպես թվում է, ուժերի հարաբերակցությունն «էներգետիկ ճակատներում» շատ հեռու է վերջնական ձևավորումից։ Թուրքիայում քրդական խնդիրների սրումից և հակահրեական հիստերիայի բորբոքումից ի վեր, հաշվի առնելով Իրանական Քրդստանում Իսրայելի նկատմամբ չափազանց ջերմ վերաբերմունքը, թուրքական ուխտադրժությունը, շատ հավանական է, ամենամխիթարական պտուղները չտա։ Ավելին, եթե Աստված, իրոք, Էրդողանի խելքն առնի, և նա, ինչպես խոստացել է, ինքը գլխավորի դեպի Գազա թուրքական ռազմական հածանավերի արշավը, ապա այստեղ ոչ ոք ո՛չ «Նաբուկոյի», ո՛չ «Հարավային հոսքի» հավես չի ունենա։ Մինչդեռ Իսրայելում գազի հարուստ պաշարներ են հայտնաբերվել։ Գերմանական խոշորագույն «Դոյչե բանկն» արդեն վստահություն է հայտնել, որ «Թամար» հանքավայրում գազի պաշարներն Իսրայելին կհերիքեն ավելի քան երեք տասնամյակ, ուստի «Լևիաթանայի» գազը կառաքվի եվրոպական շուկաներ։ Ադրբեջանի ու Թուրքիայի համար տհաճ ևս մեկ տեղեկություն. լրատվամիջոցները հաղորդում են, որ Մեքսիկական ծոցում նավթի վթարային հոսքի հետևանքների վերացման հետ կապված «Բրիթիշ փեթրոլիումի» (ԲՓ) ծախսերը մոտեցել են մեկ մլրդ դոլարի, որ նավթի օրական արտահոսքը կազմում է 12-19 հազար բարել, իսկ մեկ բարել նավթի արտահոսքի համար տուգանքի գումարը, ԱՄՆ-ի օրենքներով, կազմում է 4300 դոլար, որ ընկերության դեմ ամերիկյան քաղաքացիների ավելի քան 30 հազար հայց է նախապատրաստվել։ Ելնելով այս ամենից, շատ հավանական է, որ ԲՓ-ն վաճառի Ադրբեջանում իր ունեցած բավականին թանկ ակտիվների մի մասը։ Առայժմ հայտնի չէ, թե ով կցանկանա ձեռք բերել դրանք, սակայն պարզ է մեկ բան, որ դա կարող է դառնալ ևս մեկ նախադրյալ աշխարհաքաղաքական նոր վերաբաժանման համար, իսկ նոր նախագծերը, ըստ երևույթին, կսառեցվեն։
Ահա այսպիսին են տարածաշրջանում «էներգետիկ դիվանագիտության» միայն առաջին և, ամենայն հավանականությամբ, միջանկյալ արդյունքները։ Սակայն մեկ բան կարելի է որոշակիորեն ասել. Թուրքիան դեռ խողովակները չունի, բայց արդեն խելքին փչում է շանտաժի ենթարկել շատերին, դեռ տարանցիկ երկիր չէ, բայց դառնում է ամենախնդրահարույցը։ Սարսափելի է անգամ մտածել, թե ինչ կլինի, երբ այդ խողովակներն իրոք գցվեն։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ